Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը 1995 թ. գումարված Ազգային-եկեղեցական ժողովի կողմից լիազորված մարմին է, որը Ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ կոչված է առաջնահերթ մշակելու Հայ Եկեղեցու Սահմանադրությունը (Թեմական ուղենշային կանոնադրություն, Եկեղեցական-ներկայացուցչական, Եպիսկոպոսաց և ԳՀԽ կանոնադրությունները), ինչպես նաև քննարկելու եկեղեցական կյանքում առկա կարևոր խնդիրները՝ որոշումներ կայացնելու և դրանք կյանքի կոչելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո Ազգային- եկեղեցական ժողովները գումարվել են միայն կաթողիկոսական ընտրությունների առիթով (1995 թ., 1999 թ.): Նկատի ունենալով, որ ժողովի պարբերաբար գումարումը գործնականում անկարելի է, որոշվել է Ազգային-եկեղեցական ժողովների միջանկյալ ժամանակահատվածում գումարել Թեմական-ներկայացուցչական ժողովներ (2012 թ.-ից սկսած Թեմական-ներկայացուցչական ժողով անվանումը փոխարինվել է Եկեղեցական-ներկայացուցչական ժողով անվամբ), որի որոշումները վերջնական հաստատման պիտի բերվեն Ազգային-եկեղեցական ժողովին:
Ցայսօր Եկեղեցական-ներկայացուցչական ժողովներ են գումարվել 1997, 2003, 2009, 2012, 2014 և 2017 թվականներին: